22/04/2019 17:28
Ինչ աջակցություն էլ լինի, մենք կողջունենք. Մարտի 1-ի զոհի իրավահաջորդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ուշի ուշով հետևում է խորհրդարանում քննարկվող «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծին և հույս ունի, որ խոստացված աջակցությունը չի ուշանա։
«11 տարի սպասում ենք, որ մեզ ֆինանսական աջակցություն կտրամադրեն։ Ինչպես գիտեք, մեր գործերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են, ՄԻԵԴ-ը մեզ բարոյական փոխհատուցում է տրամադրել, իսկ սա աջակցություն է։ Թե ինչպիսին կլինի, կառավարութունն է որոշելու։ Չգիտեմ՝ կառավարությունն ինչ տիպի որոշում կկայացնի, սպասենք, տեսնենք», - Aysor.am- թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Քլոյանը։
Մարտի 1-ի զոհի հայրը վստահություն հայտնեց, որ քննարկումների արդյունքում գործադիրն իրենց և մյուս զոհերի ու տուժածների ընտանքիներին արժանավայել աջակցություն կտրամադրի։
«Ես հավատում եմ դրան։ Միգուցե բնակարան տրամադրեն, միգուցե՝ մեկ այլ բան։ Հիասթափվելու ոչինչ չունենք, ինչ աջակցություն էլ լինի, մենք կողջունենք։ ՄԻԵԴ-ից էլ դեռ սպասելիքներ ունենք։ Մեզ համար կարևոր է, որ Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցով տեղաշարժ կա։ Մեղավորները պետք է ձերբակալվեն և խիստ պատիժ ստանան, իսկ թե մեզ կողքից որքանով կաջակցեն, դա արդեն երկրորդական է», - ասաց Սարգիս Քլոյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը:
Հարցով հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ աջակցությունը տրամադրվելու է ստացված վնասվածքի պատճառով զոհված կամ մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձանց կամ այն անձանց, որոնց առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանության վնաս:
Թե աջակցության ինչ ձևի մասին է խոսքը, Լենա Նազարյանը չմանրամասնեց՝ նշելով, որ այս մասով քննարկումներ կլինեն կառավարությունում: