22/04/2019 12:03
Առաջարկում եմ հնարավորինս արագ փակել Երևանում գոծող թրաֆինքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները. Սերգեյ Բագրատյան
ԱԺ-ում այսօր քննարկվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հարցով հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ օրենքը ներկա կարգավորումներով չի պարունակում երեխաների վերահսկողության գործընթացները:
Նա նկատեց, որ պետբյուջեի կողմից ֆինանասավորվող ծրագրի շրջանակում ֆինանսական օգնություն է տրամադրվում թրաֆիքինգի զոհերին, մինչդեռ նման փոխհատուցումը հաշվարկված չէ երեխաների համար:
Օրինագծի ընդունման դեպքում թրաֆիքինգի կամ ապօրինի շահագործման ենթարկված երեխան դիրտարկվում է որպես հատուկ կարգի զոհ, ում առաջարկվում է ամսական միանվագ տրամադրվել 250 հազար դրամի փոխհատուցում:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց մերսման սրահների կասկածելի ծագում ունենալը՝ առաջարկելով ուսումանսիրություն անցկացնել դրանցում:
«ՀՀ-ում՝ հատկապես Երևանում, լայն տարածում ունեն, այսպես կոչված, մերսման սրահները: Այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը: Թրաֆիքինգի նշաններից է նաև անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս երկուսի համադրությամբ՝ մերսման սրահները մեծամասամբ կարող ենք բնորոշել որպես թրաֆիքինգի օջախներ: Առաջարկում եմ, որպեսզի ձեր կառույցն ուսումնասիրի այս երևույթը և թրաֆիքինգի մեջ ընդգրկի նաև Երևանում գործող մերսման սրահները ու հնարավորինս արագ փակի թրաֆիքինգի այդ օջախները», - առաջարկեց Բագրատյանը: