22/04/2019 12:22
Իմ ընկերները Ամերիկայում մարիխուանա օգտագործում են. «Իմ քայլի» պատգամավոր
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի մեկնաբանում այն, որ իր եղբայրը օրերս կազմակերպել է մարիխուանայի միջազգային օրվա հետ կապված միջոցառում-ակցիան։
«Իմ սկզբունքն այն է, որ իմ ազգականների հայտնած մտքերը չեմ ցանկանում նույնականացնել, նրանք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելուն: Ես այդ թեմայից չեզոք և հեռու եմ: Մեր ընտանիքը մեծ է, մաման այլ տեսակետ ունի, էն մեկն՝ այլ: Ոչ միայն այդ հարցով, նաև քաղաքական հայացքներով», - այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Հարցին, թե արդյոք, ինքը՝ պատգամավորը երբևէ օգտագործել է մարիխուանա, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց։
Ինչ վերաբերում է մարիխուանայի օգտագործումն օրինականացնելուն, պատագամավորն ասաց, որ տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է՝ որոշներում, օգտագործում են բաց, իսկ որոշներում էլ՝ մահապատիժ կա։ «Այդ հարցը պետք է խորը ուսումնասիրել, ճիշտ պատասխան պետք է տրվի», - ասաց Բաղդասարյանը։
Պատգամավորը նշեց, որ ԱՄՆ-ում, օրինակ իր ընկերները շատ են օգտագործում մարիխուանա, այնտեղ ընդունելի է։
«Իմ ընկերները Ամերիկայում մարիխուանա օգտագործում են, բայց ես, օրինակ, դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է», - ասաց պատգամավորը։
Նկատենք, որ Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը, օրերս մարիխուանայի միջազգային օրվա կապակցությամբ ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկն էր: