23/04/2019 18:32
Նյույորքցի ուսանողն Apple-ից 1 մլրդ դոլար է պահանջել՝ դեմքերի ճանաչման համակարգի սխալի համար
Նյույորքցի ուսանողը մեկ միլիարդ դոլարի հայց է ներկայացրել ամերիկյան Apple ընկերության դեմ՝ խանութներում դեմքերի ճանաչման համակարգի սխալի պատճառով, որը նրան որոնվող հանցագործի տեղ է ընդունել, հայտնում է Bloomberg գործակալությունը:
18-ամյա Ուսման Բահը պնդում է, որ 2018 թվականի նոյեմբերին իրեն տանը ձերբակալել են և մեղադրել Apple-ի ֆիրմային խանութներում մի շարք գողություններ կատարելու մեջ: Կալանավորելու որոշմանը կցված է եղել կասկածյալի լուսանկարը, որն, ուսանողի կարծիքով, իրեն նման չէ:
Նա նաև նշել է, որ գողություններից մեկը, որոնցում իրեն մեղադրել են, կատարվել Է հունիսին՝ Բոստոնում, այն օրը, երբ ինքը գտնվել է իր ավարտական միջոցառմանը Մանհեթենի շրջանում:
Բահը պատմել է, որ մինչ այդ կորցրել է վարորդական իրավունքը: Այնտեղ լուսանկար չի եղել, բայց, հայցվորի կարծիքով, այն կարող է հայտնված լինել իսկական գողի մոտ և որպես ինքնության հավաստագիր օգտագործված լինել Apple-ի խանութներում:
Դրա հետևանքով դեմքերի ճանաչման համակարգը կարող էր սխալմամբ Բահի անունը կապել չարագործի դեմքի հետ: