23/04/2019 18:06
Իրանի խորհրդարանը վավերացրել է CENTCOM-ն ահաբեկչական ճանաչելու օրինագիծը
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում է ահաբեկչական խմբավորումների թվում, հայտնել է «Mehr» գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների զորախումբը (ԻՀՊԶ) ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԱՄՆ-ի որոշման, CENTCOM-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն»:
Նշվում է, որ օրինագծի առաջին դրույթին, որով CENTCOM-ը հայտարարում է ահաբեկչական կազմակերպություն, հավանություն է տրվել 173 ձայնով, չորս խորհրդարանական դեմ է քվեարկել, ևս 11-ը՝ ձեռնպահ են մնացել:
Ընդհանուր առմամբ, օրինագիծը բաղկացած է 14 դրույթից: Դրանցից վերջինի համաձայն, օրենքն ուժի մեջ է մտնում վավերացումից հետո:
Օրինագծի համաձայն, Իրանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել այն երկրների և մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են CENTCOM-ի հետ: