23/04/2019 11:51
Մեզ համար յուրայիններ և ոչ յուրայիններ չկան, կոռուպցիայի հետ կոմպրոմիսներ չեն լինելու. «Իմ քայլի» պատգամավոր (Տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարվում է մեկնաբանել Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ պատճառաբանելով, թե ընթանում է նախաքննություն և ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել միջամտություն քրեական գործին։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիսներ չեն լինելու՝ անկախ անձի ով լինելուց։ Այսինքն՝ մեզ համար յուրայիններ և ոչ յուրայիններ չկան։ Եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք առաջ, ապա նախկիններից ոչնչով չենք տարբերվի», - այսօր խորհրդարանում Aysor.am-ի զրույցում ասաց Մկրտչյանը։
Վերջինը, հիշեցնենք, նախկինում վարչապետի՝ կոռուպցիայի հարցերով խորհրդականն էր և ունի վիճակագրություն՝ 11 ամիսների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ավելի քան 80 մլրդ դրամի սահմաններում քրեական գործեր են հարուցված, գումարը տարբեր կարգավիճակներ ունի՝ մի մասը վերականգնվել է պետբյուջե, մի մասը վերականգման փուլում է, մյուս մասն էլ քննության փուլում է։
«Ես ինքս կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում տեսել եմ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրավապահ կառույցները, քննչական բլոկները, օրինակ՝ կառույցներից մեկում գործերից մեկով միայն 4 քննիչ պետք է հարցաքններ 850 անձի։ Այդ 4 քննիչից յուրաքանչյուրի վարույթում կար 12 քրեական գործ զուգահեռաբար։ Ծանրաբեռնվածության խնդիր կա։ Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը զգալի կթեթևացնի այս ոլորտում աշխատանքը», - ասաց Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմնի ձևավորմանը, որը պետք է ստեղծվեր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա, Մկրտչյանն ասաց, որ դրա ձևի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։
«Կառուցվածքը հասկանալուց հետո նոր ձևավորման մասին կարելի է խոսել», - հավելեց իշխանական խմբակցության պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում: