23/04/2019 17:15
Ոչ մի բանով կաշկանդված չեմ, աշխատանքային պրոցեսում ճնշումներ չկան. ԵՊՀ ռեկտոր
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հավաստիացնում է, որ առօրյա աշխատանքում որևէ կարգի կաշկանդվածություն չունի, անձնական ճնշումների չի ենթարկվում։
«Բացարձակ կաշկանդված չեմ, չգիտեմ, թե մամուլն ինչ է գրում։ Ամեն ինչ հնարավոր է, բայց այժմ ոչ մի բանով կաշկանդված չեմ։ Աշխատանքային պրոցեսում ճնշումներ չկան՝ չհաշված ստուգումները։ Նախաքննություն է ընթանում»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն ԵՊՀ-ի և անձամբ իր դեմ նոր գրոհ է նախապատրաստվում։
Ինչ վերաբերում է երեկ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում վարչապետի և ուսանողների հանդիպմանը ներկա չգտնվելուն, Արամ Սիմոնյանը հերքեց լուրերը, թե իրեն նախապես զգուշացվել է չներկայանալ հանդիպմանը, և որ Փաշինյանի արարողակարգի բաժնից բաց տեքստով հրահանգ են իջեցրել ԵՊՀ ռեկտորատ, որ հանկարծ Արամ Սիմոնյանը չերևա «սև շենքում»։
«Այդպիսի բան ռեկտորատ ոչ ոք չի հայտնել։ Պետք է լիներ տնտեսագետների ֆորում, որը դեկանի կողմից վատ կազմակերպելու պատճառով վեր է ածվել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպման, ինչը պլանավորված չէր։ Ինձ ասել են, որ պլանավորված էր մասնագիտական հանդիպում՝ կառավարության տնտեսական ծրագրերը քննարկելու վարչապետի հետ։ Ես գտա, որ տնտեսագետ չեմ, և իմաստ չկա, որ այնտեղ լինեմ, դրա համար էլ չեմ գնացել։ Ուրիշ պատճառ պետք չէ փնտրել», - ասաց ԵՊՀ ռեկտորը։