23/04/2019 16:27
Ինդոնեզիայում ավելի քան 50 մարդ է մահացել՝ ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ
Ինդոնեզիայում համընդհանուր ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ առնվազն 54 մարդ է մահացել: Նման տվյալներ է ներկայացրել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը, հայտնում է Tempo-ն:
Ըստ նրա՝ «ապրիլի 17-ին երկրում անցկացված ընտրություններից հետո ձայների վերահաշվարկի ժամանակ ընտրական հանձնաժողովի 54 ներկայացուցիչներ ուժեղ գերհոգնածությունից մահացել են, ևս 32 հոգի հոսպիտալացվել»:
Նա նշել է, որ «շատ վայրերում աշխատանքային օրը սկսվել է առավոտյան ժամը 05:00-ին և ավարտվել մոտ մեկ օր անց»:
Նախագահից բացի, Ինդոնեզիայի քաղաքացիները ընտրում էին նաև խորհրդարանի երկու պալատների պատգամավորների, տեղական օրենսդիրների:
Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցել է գրեթե 240 հազար թեկնածու, ովքեր հավակնում էին 20 հազար տեղի:
Մասնակցությունը 193 միլիոնից հասել է գրեթե 80 տոկոսի։ Ամբողջ երկրում բացվել էին ավելի քան 813 հազար ընտրատեղամաս: