23/04/2019 11:54
6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության լուծման խնդրի հարցում դուք ձախողել եք. Խաժակյանը՝ «Իմ քայլ»-ին (Տեսանյութ)
Իհարկե, կոռուպցիան ծանրաքարշ արգելակ է քաղաքի զարգացման համար, սակայն վերջինիս հաղթահարումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քաղաքի զարգացման համար, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Ընտրությունների տրամաբանությունից են մեր այսօրվա խնդիրները բխում, որովհետև ընտրությունները վերածվեցին սևի ու սպիտակի, խորհրդարանն արձակելու մանդատի ընտրությունների, որի արդյունքում ձևավորվեց 57 հոգանոց խմբակցություն։ Հետագայում խորհրդարանն արձակվեց, ընտրվեց նոր խորհրդարան, իսկ քաղաքը մնաց այն քաղաքային իշխանության հույսին, որը ձևավորվեց որպես կողմնակի էֆեկտ խորհրդարանի արձակման գործընթացին», - ասաց Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով՝ նախընտրական շրջանի այդ հռետորաբանությունը վարչապետ Փաշինյանի ընտրած բանաձևն էր, որը կյանքի կոչվեց սեպտեմբերի 23-ի ընտրություններին։
«Բայց ամեն ինչ իր գինն ունի։ Երբ փորձում ես ամեն ինչ ստանալ շատ և միանգամից, խնդիրներ են առաջանում։ Եվ այդ գինը մենք տեսանք օրեր առաջ կառավարության նիստում, երբ շուրջ 40 րոպե քննարկվում էր մի հարց, որը բացառապես քաղաքային իշխանության տիրույթում է՝ աղբահանությունը։ Հարցի բովանդակությանը շատ եմ անդրադարձել, մանրամասներին չեմ տրվի, միայն կասեմ, որ 6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության լուծման խնդրի հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ։ Եվ դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս խնդրին», - հայտարարեց Դավիթ Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում