23/04/2019 22:00
Երևանն անընդունելի է համարում ԼՂ կարգավորման հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը
ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը», - ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Օքթայ Ասադովը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի տեքստում տեղ է գտել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ձևակերպումը։
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր, որ Եվրամիության հետ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի ստորագրում 2019 թվականի մայիսի 13-ին չի լինի, քանի որ այս փաստաթղթի շուրջ Բաքվի և Բրյուսելի միջև բանակցությունները չեն ավարտվել։