23/04/2019 13:29
Ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանումը հակահայկական ոչ մի կերպ չես անվանի. դեսպան (Տեսանյութ)
Չեմ կարող ասել, որ հետևում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին։ Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են, ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ այսօր ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով խորհրդարանում հնչած այն տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ թույլ տված որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում պետք է դադարեցնել։
«Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավ է։ Հայերը մեծ դեր են խաղում ռուսական հասարակությունում։ Կարծում եմ՝ սա հարց է պատգամավորներին, նրանք իրավունք ունեն հնչեցնելու այն գնահատականները, որոնք անհրաժեշտ են համարում։ Ես էլ տվյալ դեպքում արտահայտում եմ իմ կարծիքը», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կոռեկտության կոչ էր արել Հայաստանի տարածքում հեռարձակվող ռուսական լրատվամիջոցներին։
Նա նշել էր, որ յուրաքանչյուր օտարերկրյա հեռուստաընկերություն պետք է շատ հստակ գիտակցի, որ եթե հեռարձակվում է որևէ այլ երկրի տարածքում, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում։
«Պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք։ Ես կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը միաժամանակ նշել էր, որ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են։
«Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան հայաստանյան լրատվամիջոցները», - ասել էր նա։