23/04/2019 11:14
Նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանելու հարցը Հայկ Մարությանը հանեց նիստի օրակարգից
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը։ Այսօրվա նիստի օրակարգում էր Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը։
Քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, հայտարարեց, որ հարցը հանում է օրակարգից։
«Այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև՝ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք, այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այդ հարցին», - ասաց Հայկ Մարությանը։
Հիշեցնենք՝ Aysor.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրին այլ անվանում տրվի։
Նախագահականից Aysor.am-ին տեղեկացրել էին, որ քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքել է գրությանը՝ նշելով, որ նախագահի նստավայրի վարչական տարածքը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ին կայանալիք նիստի քննարկմանը։