23/04/2019 11:43
Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում ու չեմ ընկնելու. Հայկ Մարության
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ելույթով հանդես եկավ։
«Ձեր ղեկավարման առաջին օրը հայտարարեցիք, որ մենք բոլորս մի մարմին ենք ու համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու երևանցիների բոլոր խնդիրները, ցավոք, դրանք եղան լոկ խոսքեր», - դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց նա։
Ավագանու անդամը նշեց, թե այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, անհարգալից վերաբերմունք էր ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունների հանդեպ։
«Փաստացի դուրս է գալիս այնպես՝ երբ որ դուք նեղն եք ընկնում, կոչով դիմում եք բոլոր երեք խմբակցություններին՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով ու այդ հանձնաժողովի օգնությամբ տալ որոշակի լուծումներ, խոսքը վերաբերում է Բուզանդի մասնաշենքին», - ասաց նա։
Միքայել Մանրիկյանը նկատեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կամազների գնման նախագծի մասին, որ պետք է քննարկվեր կառավարությունում, նախօրոք չի տեղեկացրել ընդդիմադիր երկու ուժերին։
«Փաստացի դուք արհամարեցիք ընդդիմադիր երկու խմբակցություններին», - ասաց նա՝ ընդգծելով, թե եթե Հայկ Մարությանը համաձայն չէ իր դիտարկումների հետ, ապա առաջարկում է նիստից հետո լրատվամիջոցների ներկայությամբ բանավիճել։
«Երևի ժամանակաշրջանը մի փոքր շփոթել եք, հիմա ընտրություններ չեն, նախընտրական պայքար չէ, ի՞նչ բանավեճի մասին է խոսքը», - արձագանքեց Հայկ Մարությանը։
Քաղաքապետն ասաց, թե ինչ վերաբերվում է մեքենաներին, փետրվարից հայտարարված էր տենդերը։
«Բոլորը փետրվարից, ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա հանվել է, որ մրցույթ լինի, կառավարության նիստից իմացա՞ք, որ էդպիսի բան կա», - հարցրեց քաղաքապետը։
Անդրադառնալով Բուզանդի թեմային՝ Հայկ Մարությանն ասաց, թե ինքը նեղը չի ընկել, չի ընկնում ու չի ընկնելու։
«Դա ձեզ ես վստահեցնում եմ, իսկ եթե ավագանին ուզում է իմ կողքին լինել, ես միշտ պատրաստ եմ, իսկ եթե չի ուզում, ես չեմ կարող ստիպել», - ասաց նա։
Հայկ Մարությանն ասաց, որ, այո՛, իրենց խմբակցության ավագանու անդամներն էլ տեղյակ չեն այն գործերից, որն անում է քաղաքապետարանը։
«Այսպիսի կետ չկա, որ մենք պարտավոր ենք ամեն մի քայլը տեղեկացնել», - ընդգծեց քաղաքապետը։