24/04/2019 14:34
Ուկրաինայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-ամյակին նվիրված կլոր սեղանին
Ապրիլի 23-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպված՝ «Ցեղասպանությունը որպես մարդկության գլոբալ սպառնալիք» խորագրով կլոր սեղանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ձեռնարկը, որը կազմակերպել էին Կիևի հայ համայնքը, Միջազգային հարաբերությունների ինստիտուտը և Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, նվիրված էր Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին։
Կլոր սեղանի բացման խոսքով ելույթ է ունեցել ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Կորինևիչը։ Գիտնականը համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին, խոսել «ցեղասպանություն» եզրույթի պատմության մասին։
Դեսպան Սեյրանյանը նախ ներկաներին շնորհավորել էՈւկրաինայում անցկացված ժողովրդավարական, թափանցիկ նախագահական ընտրությունների առթիվ, այնուհետև հանգամանալիորեն անդրադարձել Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա միջազգային ճանաչմանն ու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված Հայաստանի ջանքերին։
Կլոր սեղանին ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել Ուկրաինայում Կիպրոսի դեսպան Լուիս Տելեմախուն, Սլովենիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մաթեա Կրախունը, Լվովի արվեստի ազգային ակադեմիայի դոցենտ, հայտնի հայագետ Իրինա Հայուկը, Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության դիտորդական խորհրդի անդամ Իոսիֆ Զիսելսը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը։
Ձեռնարկին ներկա են եղել անվանի բուհի բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։