24/04/2019 11:11
Ե՛վ բարևում ենք, և՛ հումոր ենք անում. ՍԴ նախագահը՝ գործող իշխանությունների հետ հարաբերությունների մասին
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մի շարք հարցերի հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ի պաշտոնե ինքն ազատ չէ քաղաքական դիրքորոշում հայտնել։
Մասնավորապես, լրագրողը հետաքրքրվեց՝ քաղաքական բանտարկյալ կա՞ Հայաստանում՝ ակնարկելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչի մասին բազմիցս հայտարարել են նախկին նախագահի պաշտպանները, ՍԴ նախագահն արձագանքեց.
«Իմ պաշտոնը բացառում է նման հարցերի ընդհանրապես պատասխանել»։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստաբան Վահե Գրիգորյանի մասնագիտական որակները, ՍԴ նախագահը պատասխանեց.
«Բավարար՝ Սահմանադրական դատարանի դատավոր աշխատելու համար»։
Մյուս հարցին՝ կաշխատի՞ նրա հետ ՍԴ նախագահը, անձնային խնդիրներ չկա՞ն, Թովմասյանն արձագանքեց.
«Ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել։ Ում Ազգային ժողովը կընտրի, նրա հետ էլ կաշխատենք»։
Լրագրողը հետաքրքրվեց՝ գործող իշխանությունների հետ դիսկոմֆորտ զգո՞ւմ է աշխատանքում և հնարավո՞ր է հրաժարականի հարց բարձրանա, ինչին ՍԴ նախագահն պատասխանեց.
«Բացարձակ, բացարձակ։ Իմ պաշտոնավարման մեկ տարին էլ անցել է և այդ հարցերը, կարծում եմ, չպետք է առաջանային»։
ՍԴ նախագահը, որը Հանրապետական կուսակցության նախկին անդամ էր և այդ կուսակցության իշխանության տարիներին խորհրդարանում ընտրվեց այդ պաշտոնում, ասաց, որ գործող իշխանությունների հետ իր հարաբերությունները ջերմ են.
«Միմյանց և՛ բարևում ենք, և՛ հումոր ենք անում»։