25/04/2019 11:28
347 մլն 522 հազար դրամ՝ ՀՀ ԱԳՆ-ին՝ «տարօրինակ իրավիճակը» շտկելու համար
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դինավանգիտական ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018 թվականի մայիսից ի վեր որդեգրվեց սկզբունքային քաղաքականություն՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակել կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից:
«Սա ի հայտ բերեց որոշ պահանջներ՝ որոշ ֆինանսական վերահաշվարկների համար»,- ասաց ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ նախկինում արտերկրում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել էին նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չէին ու մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանաելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամնների փոխհատուցման գումարներից, բնակարանի վարձակալումներից:
Նախարարն ասաց՝ անհրաժեշտություն է առաջացել նախարարությանը հատկացնել 2019 թվականի 1-ին կիսամյակում 115 մլն 840 հազ. դրամ, 9 ամսում՝ 231 մլն 681 հազ. դրամ և տարեկան՝ 347 մլն 522 հազ. դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով։
«Պարոն Մնացականյան, եթե չեմ սխալվում, նախկինում մենք նույնսի դեսպանատներ ենք ունեցել, որ համարյա որևէ պետական ֆինանավորում չեն ունեցել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Զոհրաբ Մնացականյանն էլ արձագանքեց, որ նման իրավիճակ եղել է ու հենց այդ հանգամանքներն են, որ ի հայտ են բերել խնդիրը, որը պահանջում է լրացուցիչ ֆինանսավորում:
«Պետք է խոստովանել, որ բավականին տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա, սա տարօրինակ իրավիճակ է՝ անկախ նրանից, թե ով է դեսպանը»,- ասաց ՀՀ վարչապետը: