25/04/2019 10:12
«Ժողովուրդ». Փաշինյան-Ծառուկյան հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այն բանից հետո, երբ ԱԺ-ում քննարկվեցին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, և այդ քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քննադատական խոսքեր հնչեցրին Ծառուկյանի հասեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ն. Փաշինյանը Ծառուկյանին հորդորել է իմքայլականների հետ նստել մեկ սեղանի շուրջ ու ընդհանուր եզրակացության գալ:
ԲՀԿ ղեկավարը, սակայն, ասել է` «Իմ քայլի» պատգամավորներն արդեն անցել են անձնական վիրավորանքի դաշտ, ու, կարծես թե, իրենց հետ համաձայնության գալը դառնում է անհնարին: Փաշինյանն ասել է, որ այդ հարցում ինքը կփորձի օգնել ԲՀԿ առաջնորդին:
Հանդիպումն ավարտվել է «ջան ու ջիգյարի» մթնոլորտում. կլինկերի խնդիրն այդպես էլ չի կարգավորվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Փաշինյանն ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով պատգամավորներին հորդորել է պահել կոռեկտության սահմանները և իրենց ելույթներում չվիրավորել Ծառուկյանին ու նրա պատգամավորներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։