25/04/2019 11:45
Սպասում եմ առաջարկներին. Հայկ Գևորգյանը՝ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն իրեն նվիրելու մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը շարունակում է պնդել, որ 2002 թվականին «Արարատ ցեմենտի» գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով:
«Խոսքը կառավարության որոշման մասին է, որի համաձայն՝ արժեթղթերի գինը 200 հազար դոլար է: 2002թ.-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օվշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն դրա իրական սեփականատերերին ու ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա»,- հայտարարեց Գևորգյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է նվեր տալ գործարանը այն մարդուն, ով հայտարարում է, որ գործարանը գնվել է 200 հազար դոլարով և կարող է ապացուցել դա, Գևորգյանն ասաց.
«Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»։