25/04/2019 13:10
ԿԲ-ն թող չլղոզի խնդիրը. համոզված եմ, որ չեն տարբերել՝ որն է եկեղեցի, որը՝ մահմեդական խանի դամբարան. հուշարձանագետ
Կենտրոնական բանկի բացատրությունը, որ նոր սերնդի 5 հազար դրամանոց թղթադրամների վրա միտք չեն ունեցել եկեղեցի պատկերել, կեղծ է ու անհիմն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուշաձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր այն գրառմանը, որ «անգիտության և անհոգ փնթիության հետևանքով նորատիպ 5 հազար դրամանոց թղթադրամների վրա ոչ թե Բաղեշում հայկական եկեղեցի, այլ առաջին հայացքից եկեղեցու նման մահմեդախան խանի դամբարան է պատկերված»։
«Վիլյամ Սարոյանի նախնիների ծննդավայր Բաղեշի համայնապատկերում բազմաթիվ մզկիթներ և մինարեթներ կան։ Ինչպե՞ս է եղել, որ երրորդ սերնդի 5 հազար դրամանոցների վրա Կենտրոնական բանկը ոչ թե դրանք է պատկերել, այլ սրածայր գմբեթով, առաջին հայացքից հայկական եկեղեցու նմանվող Շերեֆ խան Դ-ի դամբարանը։ Դա նշանակում է՝ մոտեցում են ցուցաբերել։ Իրենք թող չլղոզեն խնդիրը։ Համոզված եմ, որ չեն տարբերել՝ որն է եկեղեցի, որը՝ մահմեդական խանի դամբարան։ Նրանք աչքի հմտություն չունեն և գմբեթավոր, եկեղեցանման մի կառույց պատկերել են նոր 5 հազար դրամանոց թղթադրամի վրա», - ասաց հուշարձագետները։
Անդրադառնալով Կենտրոնական բանկի պարզաբանման այն հատվածին, ուր նշվում է, որ նոր թղթադրամների դիմերեսների և դարձերեսների մասին ինֆորմացիան նախապես տեղադրված է եղել ԿԲ պաշտոնական կայքում, Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ ինքը համապատասխան հանձնաժողովում ընդգրկված չի եկել՝ կանխելու հնարավոր սխալը։
«Ոչ ինձ խնդրել են, ոչ էլ դիմել՝ նայելու, կարծիք հայտնելու կամ դիտողություն ներկայացնելու։ Մինչդեռ ես պատրաստ էի ընդառաջել, խնդիր չեմ տեսնում։ Ինֆորմացիան նախապես տեղադրված է եղել, թե ոչ՝ ինձ չի հետաքրքրում։ Ես, որպես քաղաքացի, ուղղակի առաջին անգամ երեկ տեսա 5 հազար դրամանոց նոր թղթադրամը», - ասաց մեր զրուցակիցը։