26/04/2019 14:11
Դիջեյ լինելը ամո՞թ է. Վարչապետն՝ իր աշխատակազմի ղեկավարի մասին (Տեսանյութ)
Այսօր լրագրողները ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են օրերս ԵՊՀ-ում ուսանողությանն ուղղված հորդորը, որ 22 տարեկանում պետք է 3 լեզու իմանալ և ունենալ առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ու հետաքրքրվել՝ իր թիմակից պատգամավորները, կառավարության անդամներն ունե՞ն այդքան հմտություններ, փորձառություն։ Լրագրողները փորձեցին ավելի մասնավորեցնել հարցը՝ «Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանից գո՞հ եք, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից գո՞հ եք»։
Լրագրողների հարցին վարչապետը պատասխանեց հարցով ու զարմացած. «Իսկ ինչո՞ւ չպետք է գոհ լինեմ»։ Լրագրողն ի պատասխան նկատեց, որ օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանը կառավարման համակարգում աշխատանքային ստաժ չուներ և «դիջեյ» էր աշխատում։
Վարչապետն էլ իր հերթին արձագանքեց. «Իսկ դիջեյ լինելն ամո՞թ է, Մոնակոյի համալսարանն է ավարտել Էդուարդ Աղաջանյանը, Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, հանրապետությունում տասնյակ տարիներով էդպիսի բան տեղի չի ունեցել։ Ի՞նչն է պրոբլեմը»։
Փաշինյանն ասաց, որ ինքը պատրաստ է փաստերով, առարկայական ուսումնասիրել, քննարկել, եթե կլինեն խնդիրներ, փորձել լուծել դրանք։
«Եկեք քննարկենք,։ Որ ասում եք՝ գոհ եք, թե դժգոհ, ի՞նչ են արել էդ մարդիկ։ Եթե բան են արել, կտանքենք, կդատենք», - ասաց վարչապետը։