29/04/2019 14:55
Տարիներ շարունակ «Գազպրոմի» շահութաբերությունը դիտարկվել է որպես անձեռնմխելի մեծություն, որպես «սրբազան կով». Տնտեսագետ
Հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին պարզապես օրակարգային հարց է դառնում երկկողմ տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը՝ հատկապես էներգետիկ ոլորտում՝ հատկապես գազամատակարարման և ենթակառուցվածքների, դրանց սեփականության բաշխման, ակտիվների կառավարման, որոշումների ընդունման տեսանկյունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանն՝ անդրադառնալով ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոյի հայտարարությանը, որ Ռուսաստանն ու Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում փոխգործակցությանը և ցանկանում են մշակել գազամատակարարման գլխավոր սխեմայի նախագիծը մինչև 2030 թվականի համար:
«Կարծում եմ՝ ռուսական կողմը լավ հասկանում է, որ նախորդ տասնամյակների ընթացքում գործադրված քաղաքականությունը այսօր, ըստ էության, խնդիր է դարձել թե բուն Ռուսաստանի էներգահամակարգի, թե Հայաստանի համար: ՌԴ-ն հասկանում է, որ այլևս չի կարող այսպես շարունակվել: Ես նկատի ունեմ ժամանակին կնքված հայ-ռուսական գազային պայմանագիրը և այն պարտքերը, որ քողարկված գոյացել են՝ ժամանակի ընթացքում դառնալով պրոբլեմ: Հայաստանը ստիպված է եղել այդ պարտքերի դիմաց զիջել իր կենսական նշանակության ակտիվները՝ հատկապես գազաբաշխիչ ցանցը և հատկապես Իրան-Հայաստան գազամուղը: Իսկ այն կառուցվել է, ըստ էության, Հայաստանի միջոցներով», - հիշեցրեց մեր զրուցակիցը:
Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանը ռեալ հնարավորույթյուն ունի ի հաշիվ իրանական խողովակի՝ դիվերսիֆիկացնել իր ներմուծման աղբյուրները, բայց «Գազպրոմի» և նրա դուստր «Գազպրոմ Արմենիայի» կորպորատիվ շահերը նման բան թույլ չեն տալիս:
«Այնպես որ, գազային ոլորտում կուտակված թնջուկները՝ սակագնային, ներդրումային, ստրատեգիական պլաններ մշակելու և տնտեսության բազային ճյուղ զարգացնելու հեռանկարներն այսօր հարցականի տակ են: Իհարկե, եթե ռուսական կողմի վերոնշյալ հայտարարությունը դառնա հստակ որոշում կամ պայմանագիր, իհարկե, նախաձեռնությունը ողջունելի է», - ասաց Ատոմ Մարգարյանը:
Ամփոփելով խոսքը՝ տնտեսագետը նկատեց, որ տարիներ շարունակ «Գազպրոմի» շահութաբերությունը դիտարկվել է որպես անձեռնմխելի մեծություն, որպես «սրբազան կով», ինչը խանգարել է գնագոյացման գործընթացներին: Եկել է ժամանակը՝ այս ամենը վերանայելու», - նշեց մեր զրուցակիցը: