
30/04/2019 19:37
ԱԺ-ում քննարկվել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երևանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային և ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի հետ Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ժամկետներին և պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Հյուրերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել կենսաչափական անձնագրերի ներդրման, սահմանային հսկողության բարելավման և երկրի հյուսիսային սահմանային անցակետերի արդիականացման հարցում: Կարել Հոֆսթրան ընդգծել է նաև, որ Եվրամիության աջակցությամբ շուտով կսկսվի Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման գործընթացը:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը ոչ միայն տեխնիկապես է պատրաստ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, այլ նաև՝ քաղաքականապես, քանի որ անցյալ տարվա քաղաքական փոփոխություններից հետո մեր երկիրն աննախադեպ առաջընթաց է արձանագրել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, խոսքի, մամուլի և հավաքների ազատության պաշտպանության հարցում, ինչը վիզաների ազատականացման գործողությունների պլանի հիմնական պահանջներից մեկն է: Նա ավելացրել է, որ 2018 թ. Եվրամիության երկրներից ապաստան հայցող Հայաստանի քաղաքացիների թիվը 2017-ի համեմատ կրճատվել է ավելի քան երեք անգամ, և եթե այս դինամիկան պահպանվի, ապա կարող ենք արձանագրել, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա:
Կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով մի կողմից բարձրացնել հասարակության իրազեկվածությունը վիզաների ազատականացման գործընթացի նրբությունների մասին, մյուս կողմից ԵՄ անդամ երկրներին ավելի հանգամանալի ներկայացնել գործընթացին՝ Հայաստանի պատրաստվածության աստիճանը: