02/05/2019 13:50
Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը պաշտոնապես մեկնարկել է. Արա Գոչունյան
Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը պաշտոնապես մեկնարկել է։ Կրոնական ժողով է գումարվել, որոշվել է ընտրությունների անցկացման վերաբերյալ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան։ Երեկ նշված բովանդակությամբ նամակն արդեն իսկ ներկայացվել է նահանգապետարան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։
«Ստամբուլի նահանգապետարան ներկայացված դիմումի հիման վրա պետք է թուրքական պետության պատասխանը ստացվի, որպեսզի գործըթնացը հաջորդական քայլերով շարունակվի։ Պատասխանը պետք է գա Ներքին գործերի նախարարությունից։ Թե ինչ ժամանակահատվածում այն կլինի, հայտնի չէ, սակայն հույս ունենք, որ պատասխանը հնարավորինս արագ կստացվի», - ասաց Արա Գոչունյանը։
Հարցին՝ բացի Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանից, պատրիարքական աթոռի այլ հավակնորդներ կա՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց՝ թեկնածուների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, երբ հասնի վերջիններիս առաջադրման փուլը։
Արա Գոչունյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք թուրքական պետությունը որևէ կերպ չի խոչընդոտում կամ ձգձգում Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը։ Ի պատասխան «Ժամանակ» թերթի խմբագիրը հավաստիացրեց, որ նման գործելաոճ իրենք իշխանությունների կողմից չեն նկատում, հակառակը, բոլոր քայլերը կատարվում են, որպեսզի գործընթացը հավուր պատշաճի կազմակերպվի։
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը մահացել էր մարտի 8-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա կոմայի մեջ էր մոտ 11 տարի: Մինչ նոր Պատրիարքի ընտրությունները նրան փոխարինում է Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։