06/05/2019 14:50
ԴԱՀԿ-ում հարուցվել և վերսկսվել են 95 988 կատարողական վարույթներ
Մայիսի 6-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ ապրիլ ամսին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
Ապրիլ ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 392 953 183 ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 95 988 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 100 860 կատարողական վարույթներ:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: Մասնավորապես, ներկայացվել է, որ ապրիլ ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 12 912 դիմում և գրություն: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 23 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 36 զանգ-բողոքի: Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6603 քաղաքացի:
Զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ամփոփելով խորհրդակցությունը, անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ: