
07/05/2019 15:14
Փոխանակ երեխաներին կապենք ընթերցանությանը, սեռական երևույթների ենք ծանոթացնում. Գևորգ Պետրոսյան
Դա գետինը մտնելու բան է, թող գնան իրենց երեխաներին այդ հարցերով ծանրաբեռնեն, Aysor.am-ի թղթակցին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ կողմից ներկայացված «Իմ մարմինը անձնական է» գրքին:
«Իբր գոհ էինք, որ չափահասների շրջանում են քարոզում իրենց գաղափարները, արդեն էնքան են ակտիվացել, էնքան անպատժելի են դարձել, որ արդեն սկսել են իրենց քարոզները անչափահասների շրջանում: Ես սա կարող եմ որակել սեփական ազգի ցեղասպանություն: Եթե դու քո ազգի մատաղ սերնդին այլասերման փորձ ես կատարում, նշանակում է, որ դու վնասում ես այդ ազգի ապագան»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը՝ համաձա՞յն չէ այն պնդումների հետ, որ գրքից հանվեն որոշ հատվածներ, որոնք վերաբերում են օրինակ՝ ԼԳԲՏ համայնքի մասին երեխաներին պատմելուն, և գիրքը կարելի է օգտագործել որպես սեռական դաստիարակության ուղեցույց, որտեղ, օրինակ, երեխաներին ներկայացվում է, թե իրենց մարմնի որ մասերին դիմացինն իրավունք չունի դիպչելու, Պետրոսյանն արձագանքեց.
«Դրանք արհեստական հարցեր են և շրջանառության մեջ են դրվում, որպեսզի ստանան գնահատական, կարծիքներ հնչեն, պատկերավոր համեմատություններ արվեն: Մարդկանց ուղեղի մեջ խնդիրն աստիճանաբար սկսում են նստեցնել: Դա պետք է բացառել: Ի՞նչ կապ ունի 3-4 տարեկան երեխան այդպիսի հարցերով զբաղվի: Ես բազմազավակ հայր եմ, և երբևէ իմ որևէ երեխա ինձ էդ տարիքում էդպիսի հարց չի տվել: Դա ի՞նչ արհեստական հարց է: Ամոթ է, փոխանակ երեխաներին կապենք գրքին, ընթերցանությանը, սեռական երևույթների ենք ծանոթացնում, ասում ենք՝ մարմինդ քեզ է պատկանում: Որևէ երեխայի մոտ այդ տարիքում նման հարց չի առաջանում»:
Անդրադառնալով դպրոցում սեռական դաստիարակության անհրաժեշտությանը՝ Պետրոսյանն ասաց, որ եթե անգամ դպրոցում նման առարկա մտցվի, ապա դա պիտի վերջին դասարաններում դասավանդվի:
«Ընդ որում, շատ չափավոր տեղեկատվութամբ պիտի դասավանդվի, վերաբերի, օրինակ, սեռական հիգիենային կամ սեռական հարաբերությունների անվտանգությանը, բայց ոչ 3-6 տարեկան երեխային ասենք՝ «հլը մի հատ նայի քո մարմինը քեզա՞ պատկանում, թե՞ ոչ»: Ամոթ է, ուղղակի սա խայտառակություն է, և մենք պետք է պայքարենք այս երևույթների դեմ»,- ավելացրեց պատգամավորը: