07/05/2019 13:40
Տնտեսագիտական համալսարանում ներդրվում է ուսանողական աշխատանքի (student job) ինստիտուտը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ներդրվում է նոր համակարգ, որի նպատակը բուհի ուսանողներին աշխատանքի ընդունելն է: Սա աշխարհում հայտնի «Ուսանողական աշխատանք»-ի (Student job) ինստիտուտն է, որը Տնտեսագիտական համալսարանում իր կիրառությունն է ստանում:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այս գաղափարի ներդրման մասին հայտարարել էր դեռևս փետրվարին՝ ուսանողների հետ առաջին ընդգրկուն հանդիպմանը: Եվ հիմա այս նպատակը կյանքի է կոչվում:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝ ՀՊՏՀ մուտք գործող յուրաքանչյուր ուսանող այսուհետ պետք է իմանա, որ բարձր առաջադիմություն ցուցաբերելու և ուսման տարիների ընթացում անհրաժեշտ գիտելիք ձեռք բերելու պարագայում ոչ միայն գնահատված է լինելու աշխատաշուկայի կողմից ընդհանրապես, այլև առաջին գործատուն, որը շահագրգռված է լինելու նրանց որպես աշխատակից ընդունելու, իրենց հարազատ բուհն է: «Սա շատ մեծ հնարավորություն է ուսանողների համար թե՛ երկարաժամկետ կարիերա կառուցելու համալսարանում, թե՛ կարճաժամկետ աշխատանքային փորձ ապահովելու համար, եթե նրանք ցանկանան հետագայում այլ ոլորտում իրենց աշխատանքային գործունեությունը շարունակել: Սրանով այդ ուսանողների համար լուծվում է նաև այն խնդիրը, որ գործատուներն աշխատանքի ընդունելիս պարտադիր աշխատանքային փորձ են պահանջում»,- ասում է Տնտեսագիտական համալսարանի ղեկավարը՝ նշելով, որ առաջին փորձն արվել է:
2019-2020 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն իրականացնող ընդունող հանձնաժողովի դիմորդների հայտագրման աշխատանքային հանձնախմբում ՀՊՏՀ 6 ուսանողներ, ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, աշխատանքի են անցել:
Հետագայում այս գործընթացը կդառնա ավելի մասշտաբային, կտարածվի մյուս ստորաբաժանումների վրա այն իմաստով, որ լավագույն որակներ դրսևորող ուսանողները հնարավորություն կստանան իրենց աշխատանքային փորձը ձեռք բերել համալսարանի տարբեր ստորաբաժանումներում: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, թե՛ հիմնական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելուն:
«Մեր համալսարանի առաքելությունը ոչ միայն մեզ մոտ սովորող ուսանողներին գիտելիք, հմտություններ և կարողություններ փոխանցելն է, այլև նրանց աշխատանքով ապահովելը: Մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ չի լինելու մեր համալսարանում գեթ մեկ ուսանող կամ շրջանավարտ, որն իսկապես սովորում է, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարողանում աշխատանք գտնել, այսինքն՝ ՀՊՏՀ-ում բարձր առաջադիմությամբ սովորելը լավ աշխատանք գտնելու ամուր երաշխիք է: Եվ այս պահից սկսած՝ մեր համալսարանը ներգրավվում է այն կազմակերպությունների շարքը, որոնք ակտիվորեն զբաղվելու են մեր ուսանողներին և շրջանավարտներին աշխատանքի ընդունելով»,- նշում է Ռուբեն Հայրապետյանը: