07/05/2019 12:02
Սիրիայի բանակը Հալեպից հարավ և արևմուտք հարվածներ է հասցրել զինյալների դիրքերին
Սիրիական զորքերի հրետանին երեքշաբթի Հալեպից (Դամասկոսից 360 կիլոմետր) դեպի հարավ և արևմուտք գրոհել է հրոսակային կազմավորումների դիրքերը, հայտնել է Al Ekhbariya կառավարական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հարվածներ են հասցվել Քֆար Համրա և Խալսա արվարձաններին, նաև «Ռաշիդին-5» միկրոշրջանին, որոնք իրենց ձեռքում են պահում զինյալները: Այնտեղից նրանք գնդակոծում են քաղաքի այն թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո:
Ավելի վաղ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով արձակված մի քանի արկեր են պայթել Հալեպի Մասաքին Էս Սաբիլ թաղամասում:
Դրա հետևանքով խաղաղ բնակչության թվում կան վիրավորներ: Հարևան Համայի նահանգում մայիսի 6-ին կառավարական զորքերը «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս են մղել Էլ Ջանաբիրա և Մազրաաթ Էր Ռադի բնակավայրերից: Ռազմաճակատի այդ հատվածում, ինչպես հայտնել է հեռուստաալիքը, սիրիացի զինծառայողներն այժմ հարձակում են ծավալել Թել Օսման բարձունքի վրա: