07/05/2019 15:43
Հերոսի այրի լինելը մեկ այլ հերոսություն է. Նախագահն ընդունել է Արցախյան ազատամարտում զոհված օդաչուների ընտանիքներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին:
«Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ այլ հերոսություն է»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու խնդիրները:
Նախագահ Սարգսյանը կարևոր ու անհրաժեշտ է համարել զոհված օդաչուների և ընդհանրապես, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրների լուծումն ու հետևողական վերաբերմունքն այդ հարցում: