08/05/2019 11:06
Երկրապահ կամավորական միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Դավիթ Տոնոյան
Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք հերոսամարտում, և հաղթանակը բերել է խաղաղություն, այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին, թե Երկրապահ կամավորականների միության ներկայիս կարգավիճակը նրան բավարարո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Երկարապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու։ Դա մեր ժողովրդի ցասումն է՝ ընդդմեմ մեր երկրի անվտանգությանը»։
Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե Պաշտպանության նախարարությունը շարունակո՞ւմ է համագործակցել Երկրապահ կամավորականների միության հետ, նախարարը դրական պատասխան տվեց. «Անպայման շարունակում է, անպայման։ Ինչպե՞ս կարող է ամենակարևոր հասարակական կառույցի հետ չհամագործակցենք»։
Մասնավորապես, ըստ պաշտոնյայի, շարունակելու են իրականացնել մատաղ սերնդի դաստիարակության հարցում, և պատանի երկրապահի սկսած ծրագրերը որոշակի փոփոխություններով պետք է իրականացվեն։
«Ուզում եմ ընդգծել, որ Երկրապահ կամավորական միությունը ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը և կարծում եմ, դա փոխադարձ է», - ասաց Տոնոյանը։