08/05/2019 16:49
Զինծառայողներին ընտանիքների կողմից ծանրոցներ ուղարկելու վերաբերյալ հետաքննություն է ընթանում. Նիկոլ Փաշինյան
Զինծառայողներին ընտանիքների կողմից ծանրոցներ ուղարկելու հետ կապված այժմ հետաքննություն է ընթանում, մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրա հետ կապված հիմա հետաքննություն է ընթանում, առնվազն հիմնավոր կասկածներ կան, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ գործում են»,- ասաց Փաշինյանը՝ խոսելով զինվորներին ծանրոցներ փոխանցող տրանսպորտային միջոցների մասին:
Վարչապետը տեղեկացրեց, որ Գլխավոր Շտաբի պետի հետ խոսել է այդ թեմայով։
«Ասել եմ՝ նման խնդիր եմ դնում, կարո՞ղ եք այդ խնդիրը լուծել, ինձ ասել են՝ ոչ մի պրոբլեմ չկա, կլուծենք, որից հետո մի տարօրինակ բան է եղել: Լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են, ծնողների ուղարկած ամեն ինչն առգրավում են, ես ասել եմ՝ ես ի՞նչ եմ հանձնարարել, դուք ի՞նչ եք իրականացնում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ դրանից հետո գնացել է առաջնագիծ և փորձել զինվորների ուտելիքը։
«Ես անձամբ բացել, կերել եմ, որի արդյունքում վատ եմ զգացել, հանձնարարել եմ էդ ամբողջ ուտելիքները հանել շրջանառությունից, դրանից 2-3 ամիս անց արձանագրել եմ, որ էդ ուտելիքը չի հանվել շրջանառությունից»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեխանիզմների հետ կապված խնդիրներ էլ կան, քանի որ նախորդ տարի մինչ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները, ԶՈՒ-ում մթերքի գնում հնարավոր չի եղել իրականացնել, որովհետև տենդեռին մասնակցած ընկերությունները իրար դատի են տվել, ինչի պատճառով պրոցեսը կանգ է առել:
«Մենք պետք է լուծեինք վարտիքների խնդիրը, և դա պետք է իրականացնեինք այնպես, որ կոռուպցիան համակարգի տարրեր չլինեն: Ես հանձնարարել եմ բոլոր ընկերություններին հրավիրել, նրանց հետ միաժամանակ զրույցներ ունենալ տեսախցիկների առաջ, և արվել են տարբեր առաջարկներ: Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր զինվորներն ապահովվում են բարձրորակ շապիկներով ու վարտիքներով: Հիմա փորձարկման շրջանում է նոր կոշիկը»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ խնդիր կա նաև պայմանագրային զինծառայողների սննդի հարցում, քանի որ պայմանագրային զինծառայողները դիրքեր մեկնելուց առաջ իրենց համար սնունդ են գնում: Նրա խոսքով՝ սննդակարգն այնպես պետք է փոխվի, որ պայմանագրային զինծառայողները նախընտրեն պետության տրամադած սնունդը։