08/05/2019 11:35
Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմությունը. Նիկոլ Փաշինյան
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. Վարչապետը ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին:
Փաստ 51-ով՝ սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններով:
Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձերը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով ներկայացնել 100 փաստ նոր Հայաստանի կառավարության գործունեության մասին։
«Ընդհանուր առմամբ, ավելացել է 2600 դասախոսի աշխատավարձ», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակցի աշխատավարձերը բարձրացել են միջինը 16 տոկոսով։
«Մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատացի աշխատավարձերը՝ միջինը 27 տոկոսով», - ասաց Փաշինյանը։
Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով բարձրացվել է շուրջ 530 աշխատակցի աշխատավարձերը։ Հաջորդ փաստն այն է, որ «Բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում միջինում 10,7 տոկոսով ավելացել է 148 աշխատակցի աշխատավարձը։
«Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցիչների և տնտեսական աշխատողների աշխատավարձերը բարձրացել է 6-15 տոկոսով։ Արմավիրի մարզի մանկապարտեզներում և ՀՈԱԿ-ներում մոտավորապես 450 աշխատողների աշխատավարձը բարձրացել է միջինը 10 տոկոսով», - ասաց Փաշինյանը։
Մյուս փաստը այն է, որ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության համակարգում նոր՝ ամսական պարգևատրումների համակարգ է ներդրվել:
«Հունվար, փետրվար և մարտ ամիսներին վճարվել է համապատասխանաբար 27,7, 25,8, 25,03 չափով պարգևավճարներ», - ասաց Փաշինյանը։ Հաջորդ փաստը, կառավարության ղեկավարի խոսքով այն է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվել է՝ 50 դրամի փոխարեն դառնալով 150 հազար դրամ։
«Կառավարության ընդունած որոշման արդյունքում 2020 թվականից սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձինք կստանան մինչև 150 հազար դրամ աջակցություն, թրաֆիքինգի զոհ դարձած ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն 250 հազար դրամի չափով», - ասաց Փաշինյանը։
Մյուս փաստը առևտրային բանկերին հնարավորություն ընձեռելն է՝ ներել ֆիզիկական անձքանց ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները, ներվել է շուրջ քսան հազար վարկառուի վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ 11,5 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով։
Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմությունը, ովքեր մինչև 50 հազար դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին։ «Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրած շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի վարկերը», - ասաց Փաշինյանը։
Հաջորդ փաստը, կառավարության ղեկավարի խոսքով, ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման 49 ընկերությանը շնորհված արտնությունն է, որի արդյունքում շուրջ 4000 նոր աշխատատեղ է ստեղծվելու։