10/05/2019 16:16
Զորակոչի ընթացքում կան թերացումներ. հոգեբանական խնդիրներ ունեցող նորակոչիկներին չեն հայտնաբերում. Անդրանիկ Քոչարյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին չէր բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդումը՝ նրա ղեկավարած կառույցի 2018 թվականի գործունեության վերաբերյալ։ Իշխանական պատգամավորը դատախազի փաստաթուղթը որակեց «զրույց-զեկույց»։
Փաստաթղթից Քոչարյանն առանձնացրեց հատկապես Զինված ուժերի սպաներին վերաբերող հատվածը։ Վկայակոչելով գլխավոր դատախազի զեկույցում նշված տվյալները՝ պատգամավորն ասաց, որ 2018թ.-ի ընթացքում քրեական պատասխանատվության է ենթարկվել 138 սպա։ Այս տվյալը, ըստ պատգամավորի, առանձնահատուկ է այն դեպքում, երբ ՀՀ ռազմական հաստատությունները տարվա ընթացքում ավելի քիչ սպաներե ն պատրաստում։
Գլխավոր դատախազի մեկ այլ տվյալի համաձայն՝ հանցագործություն կատարած զինծառայողների թվում սպաների տեսակարար կշիռը կազմում է 25.7 տոկոս։ Հանցագործություն կատարած ժամկետային զինծառայողների տեսակարար կշիռը կազմում է 54.7 տոկոս։
«Ստացվում է ՝ սպաները ավելի շատ հանցագործություն են կատարում, քան ժամկետային զինծառայողները, ինչն աղետալի երևույթ է։ Մենք չլսեցինք՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել նման աղաղակող փաստաերին օրենսդրական, իրավական կամ այլ զուտ մասնագիտական լուծումներ տալու ուղղությամբ, բացի դասախոսություններից կամ, այսպես կոչված, զրույց-զեկույցներից, որոնց արդյունավետությունը բավարար չէ ու կարող է միայն տարակուսանք առաջացնել»,- դիմելով դահլիճում նստած գլխավոր դատախազին՝ հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
Այնուհետև պատգամավորն անդրադարձավ Զինված ուժերում ինքնասպանության դեպքերին, որոնք հասարակության շրջանում դժգոհություն են առաջացնում, ինչի հետևանքով ընկնում է հավատը բանակի նկատմամբ։
Պատգամավորի համար կասկածելի թվաց հաշվետվության մեջ նշված բանակում գրանցված ինքնասպանության ու ինքնասպանության հասցնելու 11 դեպքը։ Նրա խոսքով, այստեղ դրանք տարբերակված չեն, այնինչ մեկը դժբախտություն է, մյուսները՝ հանցագործություն։
«Նախադեպերը հուշում են, որ դրանց գերակշիռ մասը ինքնասպանության հասցնելու դեպքեր են, հակառակ դեպքում մենք գործ ունենք զորակոչի ընթացքում կատարված թերացումների հետ, այսինքն՝ հոգեբանական խնդիրներ ունեցող նորակոչիկներին հայտնաբերելու անկարողության հետ», - եզրակացրել է պատգամավորը։
Դատախազական հաղորդման մեջ նշված տվյալները մեկ այլ եզրահանգման առիթ են տվել.
«Ինքնասպանության հետևանքով ունեցած մեր կորուստները 4-ով գերազանցում են այն կորուստները, որոնք մենք կրել ենք հակառակորդի կրակոցից՝ 2018թ.-ին 7 դեպք»։
Քոչարյանը նաև հիշեց Մեղրիի զորամասում մարտի 17-ին տեղի ունեցած դեպքը, երբ մի խումբ զինառայողներ ինքնակամ լքել էին զորամասը։ Նա կատարվածը համարեց «քրեածին վիճակի գագաթնակետ»։
«Այս հարցը մեր հանձնաժողովում լուրջ ուսումնասիրելու խնդիր ունենք, որովհետև այն այդպես էլ մնաց ստվերում, սակայն ուներ խորքային պատճառներ»,- ավելացրեց Անդրանիկ Քոչարյանը։