10/05/2019 11:09
Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Վարդանյանների ընտանիքին՝ Երևանի 2800 ամյակին նվիրված այգու համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարդանյանների ընտանիքին այսպիսի հրաշք նվեր մատուցելու համար։ Սա իրական նվեր է, որովհետև այսօր շատ-շատերը գալիս, ասում են՝ մենք ուզում ենք Երևանի համար մի բան անենք, տվեք այս մասը կանաչապատենք, ստեղ էլ մի հատ մեծ ռեստորան դնենք։ Ասում եմ՝ հարգելիներս, եթե ուզում եք Երևանին նվեր անեք, ուղղակի այգի հիմնեք կամ եղած այգին վերականգնեք, էլ ոչ մի բան մի արեք։ Սա է իրական նվերը քաղաքին», - ասաց քաղաքապետը։
Նա նշեց, թե Վարդանյանների ընտանիքը ցույց տվեց Երևանին նվերի փայլուն օրինակ։
«Բացի այս այգու կառուցումը, իրենք 99 տարով իրենց վրա են վերցրել այս այգու պահպանումը։ Իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում», - ասաց Մարությանը։
Արձագանքելով դիտարկմանը, թե մինչ այգու կառուցումը շատերն ասում էին, որ հերթական անգամ ծառեր կտրվեցին, Հայկ Մարությանն ասաց.
«Ես գնահատում եմ այս այգին որպես լավ որակով այգի։ Երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու։ Այստեղ կային հիվանդ, խնդիր ունեցող ծառեր, դրանք փոխարինվել են շատ բարձր որակով ծառերով։ Այստեղ քաղաքը ոչ թե կորցրել, այլ ձեռք է բերել բարձր որակով ծառատեսակներ»։