10/05/2019 17:19
Անօրինական ձկնորսությամբ զբաղվողները սիգը Սևանում վաճառում են 30-40-50 դրամով, իսկ Երևանի ռեստորաններում այն 2-3 հազար դրամ է. Նախարար
Անտառային ոլորտում լայնածավալ փոփոխություններ են նախատեսված՝ և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական։ Փոփոխությունները թիրախային կերպով ուղղված են այն բացերին, որոնց պատճառով ապօրինի անտառահատումների համար պատիժները բավարար չափով կանխարգելիչ չէին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Այսինքն՝ հնարավոր էր ապօրինի անտառահատումներ անել, բռնվել կամ չբռնվել, բռնվելու դեպքում՝ վարչական գումարներ վճարել, և հաջորդ օրը կրկին դա անել։ Ապօրինի հատումների համար բոլոր հոդվածներով խստացումներ են գնացել, և մենք այս տարի 102 հազար խորանարդ մետր պահուստային թափուկ ենք բաժանել անտառամերձ համայնքների բնակիչներին՝ ապօրինի անտառահատումները բացառելու համար։ Գյուղացիները դա պետք է ընկալեն։ 20-25 տարի գյուղացիների անվան տակ կոմերցիոն հսկայական հատումներ են եղել, իսկ հիմա դրա վերջը եկել է»,- հավաստիացրեց նախարրաը։
Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև սիգի որսի թեմային՝ նշելով.
«2019 թվականի համար արդեն հետազոտություններն արված և տրամադրված են։ Անօրինական ձկնորսությամբ զբաղվողները սիգը հենց հիմա Սևանի ավազանում վաճառում են 30-40-50 դրամով՝ չնայած այդ ձուկը Երևանի ռեստորաններում վաճառվում է 2-3 հազար դրամով։ Հույս ունենք, որ սրա արդյունքում սիգի գինը կդառնա այն, ինչ պետք է լինի։ Սիգը չի կարող լինել 30 դրամ»։