14/05/2019 14:40
Քոչարյանի դատին զուգահեռ անցկացվող ցույցի մասնակիցների կողմից կեղծ ահազանգ է եղել Շտապօգնություն
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:
Դատարանի դիմաց զուգահեռ շարունակվում է Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների բողոքի ցույցը:
Առավոտից` դեռևս մինչև դատական նիստի մեկնարկը, ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում։ Դատարանի մոտ կենտրոնացված են նաև ոստիկանական ուժեր։
Քիչ առաջ դատարանի դիմաց ժամանեց Շտապօգնության ծառայության ավտոմեքենա։ Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ Շտապօգնության աշխատակիցներն ասել են, թե զանգ են ստացել, որ ցույցի ժամանակ մարդ է վատացել: Մինչդեռ ցուցարարներից ոչ մեկ չէր վատացել:
Շտապօգնության աշխատակիցները փորձում են պարզել՝ ով է ահազանգողը: