14/05/2019 18:44
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը տեղյակ չէ՝ երբ Արցախի նախագահները կգան դատարան
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հստակ չասաց, թե Արցախի գործող և նախկին նախագահները երբ կներկայանան դատարան՝ պնդելու իրենց երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար:
«Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ», - հարցերին ի պատասխան ասաց փաստաբանը:
Նա ընդգծեց՝ «դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այսօր դատարանում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ներկայացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ու գործող նախագահ Բակո Սահակյանի երաշխավորական նամակը:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել էր, որ երաշխավորություն ներկայացնող անձինք, ըստ օրենքի, պետք է ներկայանան դատարան ու պնդեն իրենց երախավորությունը։
«Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Խնդրում ենք խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոցով», - երաշխավորական նամակում նշել են նախագահները: