14/05/2019 19:20
Հանրայինից կրճատված լրագրողների հայցով հաջորդ դատական նիստը կկայանա հունիսին
Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունից կրճատված լրագրողների հայցով առաջին դատական նիստը տեղի է ունեցել ապրիլի 30-ին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրճատված աշխատակիցներից Լիանա Կարապետյանն, ով ավելի քան 20 տարի լրատվական ծառայությունում աշխատելուց հետո այս տարվա հունվարին առանց լուրջ պատճառաբանության ազատվել էր աշխատանքից։
«Սակայն դատական նիստը հետաձգվեց, քանի որ պատասխանող կողմը չէր ներկայացել։ Բացի այդ՝ դատարանը պատասխանող կողմից պահանջել է հեռացման հիմք հանդիսացած մի շարք փաստաթղթեր, որոնք, սակայն, պատասխանող կողմը չի ներկայացրել», - ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ որպես պատասխանող կողմ հանդես է գալիս Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը, ոչ թե Հանրային հեռուստաընկերությունը կամ լուրերի տնօրինությունը։
Լիանա Կարապետյանը միաժամանակ ընդգծեց, որ իրենք՝ աշխատանքից ազատված լրագրողները, վիճարկում են Խորհրդի որոշումը։
«Դատարան է եկել Հ1-ի շահերը ներկայացնող Արսեն Թավադյանն, ով միջնորդություն է ներկայացրել՝ որպես երրորդ կողմ ներգրավվելու գործի մեջ։ Նա նշեց, որ մեր գործը, վերջին հաշվով, բախվում է Հ1-ի շահերին։ Մենք չենք առարկել, Հ1-ը դարձել է երրորդ կողմ և խոստացել է դատարանին, որ կտրամադրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
Բայց նկատենք մի նրբություն. գործը կարող է մի քանի կողմ ունենալ, իսկ պատասխանող՝ ոչ։ Մեր խնդիրը պատասխանող կողմի հետ է, որը մինչ այս պահը զրո վերաբերմունք է ցույցաբերել գործին՝ ո՛չ դատարանի պահանջած փաստաթղթերն է ներկայացրել, ո՛չ դատարան է ներկայացել։ Սա առնվազն տարօրինակ է, հարց է առաջնում՝ ինչու՞ են անտեսում դատարանին», - նշեց Լիանա Կարապետյանը։
Զրուցեցինք նաև կրճատված մյուս լրագրող Սիրանույշ Մուրադյանի հետ, ով նշեց՝ Հեռուստառադիո խորհրդի ղեկավարության փոփոխությունը գործի հետ այնքան էլ չի առնչվում, որովհետև նոր ղեկավարությունը հնի իրավահաջորդն է և իրենք դատարանում վիճարկում են խորհրդի որոշումը, որը անհիմն է ու կամայական.
«Դժվարանում եմ ասել, թե ինչ վերաբերմունք ունի Հեռուստառադիո խորհրդի նոր ղեկավարությունն այս հարցին և որքան հիմնավոր է համարում նախորդից ժառանգություն ստացած այս որոշումը։ Պատասխանողին մենք դատարանում էլ չենք տեսել», - ասաց Սիրունայուշ Մուրադյանը։
Կրճատված լրագրողները նշեցին, որ համաձայն դատարանից ստացված ծանուցման՝ գործով երկրորդ նախնական նիստը նախատեսված է հունիսի 27-ին։