14/05/2019 19:44
Զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով` մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: