15/05/2019 17:36
«0038» հրամանում չկա մի այնպիսի դրույթ, որով պաշտպանության նախարարը դուրս եկած լիներ իր լիազորությունների սահմաններից. Հայկ Ալումյան
Զինվորական կառավարման նոր կայազորի կազմակերպմումը և բանակային ստորաբաժանումների տեղաշարժը որևէ ընդանուր բան չունեն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, մինչև 2008թ.-ի Մատի 1-ը Զինված ուժերը Երևանում չեն օգտագործվել, այսօր դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նախնական նիստում, պաշտպանական կողմի դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ Քոչարյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ «սահմանադրական կարգը տապալելը»։
«Մինչև 2008թ.-ի Մարտի 1-ն ինչ տեղաշարժ որ կատարվել է՝ զորամասերից առանձին անձնակազմի ինչ-որ ուրիշ զորամաս տեղափոխումը, զինված ուժերի օգտագործում չէ։ Մինչև Մարտի 1-ը Զինված ուժերը չեն օգտագործվել, այլ տեղափոխվել են։ Զորքի օգտագործում չի եղել։ Այն, ինչ մեղադրանքում ներկայացված է, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում», - ավելացրեց փաստաբանը։
Ալումյանը, դիմելով նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին, ընդգծեց՝ մեղադրանքում նշված է, որ զինված ուժերը օգտագործվել են, բայց օգտագործման որևէ փաստ նշված չէ։
«Չի գրված՝ որտե՞ղ են օգտագործվել Զինված ուժերը, ինչպե՞ս են օգտագործվել, ո՞ր զորամասն է օգտագործվել։ Չկա։ Ուղղակի գրված է՝ օգտագործվել են», - նկատեց Հայկ Ալումյանը։
Վկայակոչելով Պաշտպանության նախարարի «0038» հույժ գաղտնի հրամանը, Ալումյանն ասաց, որ հրամանով զինված ուժերի օգտագործում նախատեսված չի եղել։
«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ «0038» հրամանում չկա մի այնպիսի դրույթ, որով պաշտպանության նախարարը դուրս եկած լիներ իր լիազորությունների սահմաններից։ Այսինքն՝ եթե վերլուծենք, «0038» հրամանի ամեն մի դրույթում որևիցե բան չկա, որ պաշտպանության նախարարը հրամանի մեջ ընդգրկել է ու դա իր լիազորությունների մեջ օրենքով չլիներ», - ավելացրեց Հայկ Ալումյանը։