15/05/2019 20:07
Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կբացառի մարդկային գործոնը. Դպրոցի տնօրեն
Այսօր՝ ժամը 09:00-ից, տրվել է հանարապետության հիմնական բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների առցանց գրանցման համար նախատեսված ծրագրի մեկնարկը: Այս կերպ նպատակ է հետապնդվում բացառել կոռուպցիոն ռիսկերը, նաև՝ լիցենզիայով թույլատրված շեմից ավելի երեխաներ ընդունելու հնարավորությունը:
Aysor.am-ի թղթակիցը նոր նախաձեռնության մասին զրուցեց Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Ավետիսյանի հետ, ով նորամուծությունը շատ դրական գնահատեց։
«Կարծում եմ՝ սա շատ լավ գաղափար է, որովհետև տեսնում ենք դպրոց ընդունված առաջին դասարանցիների թիվը և հավաստիանում, որ որոշ դպրոցներ այլևս չեն կարող լիցենզիայից դուրս ընդունելություն կատարել, սահմանված քանակից ավելի երեխաների ընդունել։ Սա շատ լավ է, որովհետև նախկինում դպրոցներ կային, որոնք կարողանում էին մեծ թվով երեխաների ընդունել՝ լիցենզիայից էլ առավել։ Նոր նախաձեռնությունը հօգուտ այն դպրոցների է, որոնք փոքր թվով աշակերտներ ունեն», - նշեց Անահիտ Ավետիսյանը։
Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Ավետիք Վանեսքեհյանը ևս բարձր գնահատեց ԿԳՆ նոր նախաձեռնությունը՝ շեշտելով, որ էլեկտրոնային գրանցման արդյունքում մարդկային գործոնը գրեթե կբացառվի։
«Յուրաքանչյուր ծնող կկարողանա անկախ գտնվելու վայրից գրանցել իր երեխային։ Կարծում եմ՝ շարունակությունը պետք է նախաձեռնեն դպրոցները, օրինակ՝ դասվարների ընտրության հարցում։ Ես որոշել եմ դասվարների հարցը վիճակահանությամբ կազմակերպել, որպեսզի գործընթացը խոսակցությունների տեղիք չտա, մարդկային գործոնը բացառվի։ Ծնողները վիճակահանությամբ կորոշեն իրենց երեխաների ապագա դասվարներին։ Դրանից հետո շատ խաղաղ ձևով կսկսենք նոր ուսումնական տարին։ Ուղղակի չեք պատկերացնում, թե անցած տարիներին ինչ էր կատարվում դասվարների ընտրության ժամանակ», - ասաց դպրոցի տնօրենը։
Նկատենք, որ այսօր բազմաթիվ ծնողներ տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով չեն կարողացել գրանցել իրոնց երեխաներին: Կրթության և գիտության նախարարությունը հարցի առնչությամբ պարզաբանում է տարածել, որում հստակեցրել է, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:
Նախարարության հավաստիացմամբ՝ ներկա պահին արձանագրված բոլոր խնդիրներն օպերատիվ կերպով լուծվում են։