
15/05/2019 12:11
Կբարձրացվեն վարչական շրջանների ղեկավարների իրավասությունները
Բարձրացվելու են վարչական շրջանների ղեկավարների իրավասությունները, քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Շատ շուտով, մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն փոխել իրենց գործառույթը, ավելացնել այդ գործառույթը նրանով, որ իրենք պատասխանատու կլինեն ավտոտնակների, վարձակալությունների երկարացման, կրպակների, վարչական շրջանների այգիների, այսինքն այն ծավալների համար, որոնցով զբաղվում ենք մենք և այդ աշխատանքները բավական շատ ժամանակ են խլում մեզանից, և ավելի կարևոր ծրագրերի համար ուղղակի ժամանակը չի հերիքում», - ասաց գլխավոր ճարտարապետը։
Մեսչյանն ասաց, թե վարչական շրջանների ղեկավարները շատ ավելի լավ գիտեն, թե ինչ է կատարվում իրենց շրջանում, ճանաչում են բնակիչների և կառուցապատողների մեծ մասին և ազնիվ կլինի, որ այդ աշխատանքով զբաղվեն իրենք։
«Ուզում եմ, որ մոտ ժամանակներս վարչական շրջանների ղեկավարներն իսկապես ղեկավարեն իրենց վարչական շրջանը ճարտարապետական ամբողջ հարթության մեջ», - նշեց նա։