15/05/2019 15:30
Հանրակրթական ծրագրերի վերանայումը պարտադիր է, նույնիսկ՝ մի փոքր ուշացած. Փորձագետ
Հանրակրթական ծրագրի փոփոխության նախաձեռնությունը վաղուց է հասունացել, դրանք նախատեսված էր իրականացնել դեռ 2016 թվականին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն՝ անդրադառնալով ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի այն հայտարարությանը, որ նախարարությունը ծրագրում է 2021-2022 թթ. ուսումնական տարին սկսել ամբողջովին փոփոխված հանրակրթական ծրագրերով ու դասագրքերով:
«Վերջին անգամ մենք ծրագրեր մշակել ենք 2005-2006 թվականներին։ Դրանից հետո եղել է ծրագրերի միջանկյալ վերանայում։ Մոտավորապես 15 տարի է անցել, և ծրագրերի վերանայումը պարտադիր է, նույնիսկ՝ մի փոքր ուշացած։ Կրթության և գիտության նախարարի փոփոխության, թավշյա հեղափոխության պատճառով հանրակրթական ոլորտի փոփոխությունները 3 տարով հետաձգվեցին։ Իսկական ժամանակն է փոփոխություններ կատարելու», - նշեց մեր փորձագետը՝ հույս հայտնելով, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում կրթական նոր ծրագրեր կմշակվեն։
Սերոբ Խաչատրյանի խոսքով, այդուհանդերձ, կրթության ոլորտում կան ծրագրեր, որոնք կարելի է ավելի ուշ-ուշ վերանայել, սակայն հանրակրթության ոլորտը ոչ մի դեպքում դրանց մեջ չի մտնում։
Հարցին՝ ինքն անձամբ մասնակցություն ունի՞ ԿԳՆ-ի կողմից նոր ծրագրերի մշակման գործընթացին, կրթության փորձագետը բացասական պատասխան տվեց՝ նկատելով, որ այս պահին դեռ ոչ ոք մասնակցություն չունի։
«Որովհետև հայտարարված է մրցույթ, և, հավանաբար, մի քանի շաբաթից ամեն ինչ պարզ կլինի», - ասաց Խաչատրյանը։
Նա անդրադարձավ նաև տարածաշրջանային երկրներում կրթության որակի ընդհանուր մակարդակին՝ նկատելով, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը գրեթե նույն տեմպերով են առաջ ընթանում։
«Այնպես չէ, որ երեք երկրներից որևէ մեկը մյուսներից առաջ է, մոտավորապես հավասար հնարավորությունների մասին է խոսքը։ Եթե մի փոքր էլ աշխարհագրությունն ընդլայնեմ, կարող եմ բերել Էստոնիայի օրինակը, որն այսօր կրթության որակի առումով համաշխարհային առաջատար երկիր է համարվում», - ասաց Սերբ Խաչատրյանը։