15/05/2019 11:52
Եթե մոտակա ժամանակում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն. Մեսչյան (Տեսանյութ)
Շատ ծրագրեր, որոնք ուզում ենք դնել շրջանառության մեջ, խոչընդոտվում են օրենքներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Սա այն հարցն է, որ Երևանի ավագանին պետք է մեզ օգնի, որովհետև ավագանին որպես Երևանի բնակիչների ներկայացուցիչներ, այդ ռազմավարական հարցերով պետք է տեր կանգնի քաղաքին և մեզ։ Ամեն ինչ պետք է լինի տրամաբանական սահմանների մեջ։ Երբ բոլոր այն բաժինները, որոնք իմ կուրացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են և մեկ էլ հեռուստատեսությամբ լսում են բավական անդուր արտահայտություններ իրենց աշխատանքի վերաբերյալ, և մի քանի կոպեկ աշխատավարձի, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ», - ասաց Մեսչյանը։
Նա նշեց, թե եթե իր իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, աշխատակիցներին 18։00-ից ուղարկելու է տուն.
«Եթե մոտակա ժամանակներն իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն։ Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին։ Կարող եք դա ընդունել որպես նախազգուշացում»։
Մեսչյանն ասաց, թե վերջին շրջանում տգեղ խոսակցություններ կան քաղաքապետի աշխատավարձի հետ կապված։
«Եթե քաղաքապետի աշխատավարձն արդեն բարձրացած տարբերակով մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, տղերք, պրոբլեմն ինչ է, ուզում եմ հասկանալ՝ ինչի մասին եք խոսում», - ասաց գլխավոր ճարտարապետը։