15/05/2019 17:26
Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորմանը. Լին Թրեյսի
Կառավարության ջանքերն՝ ուղղված կոռուպցիան արմատախիլ անելուն և թափանցիկությանը, թույլ կտան խաղի հավասար պայմաններ ապահովել և ազդակ դառնալ միջազգային հանրության համար, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և որը բաց է բիզնեսի համար, ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին:
«Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների տիրույթում առկա մեծ ներուժը: Առավել ամուր առևտրային և ներդրումային հարաբերությունները կնպաստեն կայուն և ներառական տնտեսական աճի ապահովման մեր փոխադարձ ցանկությանը, թույլ կտան տնտեսական դիվերսիֆիկացման ավելի բարձր մակարդակի հասնել և կխթանեն նորարարությունն ու մրցակցությունը», - ասաց նա՝ ավելացնելով.
«Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Մեր մասով կարող եմ ասել, որ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի հետ բիզնեսի դյուրացմանն ուղղված աշխատանքներում, և կշարունակենք ներկայացնել այն լավագույնը, որ կարող են առաջարկել ամերիկյան ընկերությունները՝ առաջադեմ տեխնոլոգիաներ, հավասարը չունեցող իմացություն և փորձ, բիզնես մշակույթի բարձրակարգ ստանդարտներ», - ասաց դեսպանը:
Թրեյսին նաև նշեց, որ ԱՄՆ-ն կարևորում է տնտեսության զարգացումը մարզերում և մարզերի զարգացմանն աջակցում է օժանդակության ծրագրերի միջոցով: