16/05/2019 20:53
Ֆիլիպիններում նախագահի երեք երեխաները հաղթել են ընտրություններում
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը և երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների արդյունքում՝ իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով հսկայական առավելության, հայտնում է CNN-ը:
Ընտրություններում գրանցվել են բազմաթիվ խախտումներ: Սառա Դուտերտեն, որը զբաղեցնում է Դավաոյի՝ իր հոր հայրենի քաղաքի քաղաքապետի պաշտոնը, վերընտրվել է:
Նա ստացել է ավելի քան 580 հազար ձայն, իսկ նրա միակ մրցակիցը՝ ընդամենը չորս հազար։
Նրա եղբայրը՝ Սեբաստիան Դուտերտեն, դարձել է Դավաոյի փոխքաղաքապետ: Այդ ընտրություններում նա մրցակիցներ չի ունեցել. նա զբաղեցրել է այն պաշտոնը, որն ազատել էր եղբայրը՝ Պաոլո Դուտերտեն:
Պաոլոն քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրի Ներկայացուցիչների պալատի պատգամավորի պաշտոնը։
Նրա օգտին քվեարկել են 197 հազար ընտրողներ, իսկ նրա մերձավոր մրցակիցը հավաքել է հինգ հազարից փոքր-ինչ ավելի ձայն:
Ընտրությունների ընթացքում պետական կառավարման բարձրագույն մարմիններ ընդդիմությունից ոչ մի թեկնածու չի անցել: