16/05/2019 20:35
ՊՆ երկու փոխնախարարներին պետք էր պատասխանատվության ենթարկել և ոչ թե խորհրդակցություն հրավիրել. Արթուր Դավթյանի դիրքորոշումը
Փետրվարի 23-ին, երբ Ազատության հրապարակում քաղաքացիները խաղաղ հավաք էին անցկացնում, պետության գլուխը, գերագույն գլխավոր հրամանատարը, Սահամանդրության երաշխավորը ներքաղաքական հարցերը քննարկում էր բանակի ղեկավար կազմի հետ, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազը պնդեց, որ Քոչարյանի այս քայլն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն՝ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։
«Հենց այս պահից Զինված ուժերը, բանակը ներգրավվել է քաղաքական հարցերում, քաղաքական իրադարձություններում, այն դեպքում, երբ ընտրությունների պաշտոնական արդյունքները չէին հրապարակվել, ընտրական գործընթացը չէր ավարտվել, իսկ խաղաղ հավաքները շարունակվում էին», - հայտարարեց Դավթյանը։
Նկատենք, որ սրա վերաբերյալ Քոչարյանն այսօր իր ելույթում նշել էր, որ հասունացել էր ներքաղաքական ճգնաժամ և ընդդիմությունը փորձում էր բանակը ներքաշել քաղաքական իրադարձություններին։
«Մենք պետք է սահմաններին ուշադիր լինեինք, քանի որ հակառակորդը կարող էր օգտվել այս իրավիճակից։ Ես կարծում եմ՝ զորանոցային վիճակն առաջին հերթին եղել է հենց այդ նպատակով։ Մյուս խնդիրը Երկրապահ կամավորական միության հետ էր։ Նրանց առաջ շատ հստակ է դրվել հարցը՝ կա՛մ քաղաքական գործիչ եք, կա՛մ զինվորական։ Այս երկու հարցը միմյանց հետ փոխկապակցված էր՝ բանակի պառակտում, որից կարող էր օգտվել հակառակորդը։ Այս երկու վտագը պետք էր միասնության մեջ դիտել։ Չանել այդ հանդիպումը, ուղղակի հնարավոր չէր, քանի որ հետևանքները ծանր կլինեին», - ասել էր Քոչարյանը։
Դավթյանն անդրադարձավ պաշտպանական կողմի հայտարարություններին, թե ՊՆ երկու փոխնախարարներ անցել էին ցուցարարների կողմը և ասաց՝ փոխնախարարների գործողությունը եթե ոչ հանցագործություն, ապա կարգապահական խախտում էր։
«Փոխնախարարների գործողությունների փաստի առթիվ պետք է կա՛մ քրեական գործ հարուցվեր, կա՛մ կարգապահական վարույթ։ Քրեական գործի նյութերով, նման տվյալ ձեռք չի բերվել։ Բայց դրա արձագանքը եղել է փետրվարի 23-ի խորհրդակցությունը», - նշեց Դավթյանը։
Նկատենք, որ Դավթյանը նկատի ունի 2008թ.-ին ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին։
Դատախազի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանը բանակը ներգրավել է քաղաքական իրադարձությունների մեջ։
«Գործի նյութերին ծանոթանալիս, բացարձակապես տպավորություն չի ստեղծվում, որ բանակը հեռու է պահվել քաղաքական իրադարձություններից։ Եթե խոսքը վերաբերեր բացառապես զորքը զորանոցային իրավիճակին բերելուն՝ կհասկանայի։ Այդ զորքերը ՀՀ տարբեր հատվածներից տեղափոխվել են ՀՀ մայրաքաղաք, որն այդ իրադարձությունների կիզակետն էր», - հայտարարեց դատախազը։