17/05/2019 11:34
Գնդեվազցիները հույսը չեն կորցնում, որ մի օր Ամուլսարի հանքը կշահագործվի և բնակիչները նորից աշխատանք կունենան
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Գնդեվազ և շրջակա համայնքների բնակիչների մեծ մասը մնացել է առանց աշխատանքի։
Շուրջ մեկ տարի է, ինչ Ամուլսար տանող ճանապարհը պարբերաբար փակվում է, ինչն էլ բերել է աշխատատեղերի կրճատման, սա էլ իր հերթին՝ արտագաղթի։
Aysor.am-ի հետ զրույցում Գնդեվազ համայնքի բնակիչ Արմեն Թորոսյանն ասաց, թե շատ դժգոհ է, որ ճանապարհը փակ է, անհարմարություններ են ստեղծվել։
«Շատ դժգոհ եմ, որ ճանապարհը փակ է, անհարմարություններ են ստեղծվել։ Օրինակ ես և տղաս աշխատում էինք Ամուլսարում, հիմա արդեն մոտ 1 տարի է՝ չեմ աշխատում», - ասաց Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, թե Ամուլսար տանող ճանապարհը փակողների մեջ Գնդեվազ համայնքից երևի 25-30 հոգի եղած լինեն։ Մնացածը, նրա խոսքով, գնդեվազցիներ չեն.
«Մեր համայնքից չեն, չգիտեմ նաև, թե ինչու են գնդեվազցիների անունից խոսում»։
Գնդեվազցիները թեև դժգոհ են, որ ուրիշները գալիս, իրենց համայնքի ճանապարհը փակում են, բայց նաև նշում են, որ իրենց իրավունք չեն վերապահում թույլ չտալ դա անել։
«Մենք ինչ իրավունք ունենք: Այդ մասին կառավարությունը, պետությունը պետք է մտածի: Ի՞նչ իրավունք ունեն պետական ճանապարհը փակել», - ասաց Արմեն Թորոսյանը։
Նա նշեց նաև, որ համայնքից 100-ից ավելի աշխատող կար Ամուլսարի հանքում։
«Գոհ եմ «Լիդիան Արմենիայից», մարդիկ բերել, ծրագիր են իրականացնում։ Իրենց հետ աշխատելու արդյունքում ես այսօր սեփական ջերմոց ունեմ, կարելի է ասել այդ ջերմոցը նվիրել են։ Մենակ ես չեմ, որ սեփական ջերմոց ունի: Համայնքում 18 ջերմոց են նվիրել բնակիչներին, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան։ Ի՞նչ չեն արել. դպրոցի պատուհաններն ամբողջը փոխել են, մանկապարտեզն ամբողջությամբ վերանորոգել են, երեխաների համար խաղահրապարակ են սարքել, հյուրանոց են սարքել, ով հիվանդ է եղել, թևից բռնել՝ բարձրացրել են։ Հո մենք ուտող-ուրացող չենք: Բոլոր ծրագրերից տեղյակ չեմ, բայց այսքանն իմ աչքով եմ տեսել», - նշեց Ա. Թորոսյանը։
Իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու համար մի քանի անգամ գնացել են կառավարություն, բայց, իր խոսքով՝ ոչ մի արդյունք էլ չկա։
Արմեն Թորոսյանը, սակայն, հույսը չի կորցնում, որ մի օր հանքը կշահագործվի և բնակիչները կշարունակեն աշխատանք ունենալ.
«Ոչինչ, կբացվի, նորից կաշխատենք, ես մեծ հույսեր ունեմ»։
Գնդեվազի մեկ այլ բնակիչ՝ Արարատ Հակոբյանն էլ ասում է, թե ճանապարհները փակ լինելու և այս մեկ տարվա ընթացքում Ամուլսարում աշխատանքներ չիրականացվելու հետևանքով մարդիկ անգործ են։
«Մարդիկ չեն աշխատում, պարապ են, դա արդեն պրոբլեմ է։ Ես Գնդեվազի Սարավանի երեխաների խմբերի պարուսույցն էի։ Հիմա փաստորեն չեմ աշխատում, խմբակները փակվել են, դրանք ֆինանսավորում էր «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Բողոքել էլ ենք, բայց արդյունք չկա, գյուղը երկու մասի է բաժանված, մի մասն ասում է, թե չպետք է աշխատանքները շարունակել, մյուս մասը՝ որ ավելի մեծ է, ցանկանում են, որ աշխատանքները շարունակվեն», - ասաց Արարատ Հակոբյանը։
Վերջինս, ինչպես և Արմեն Թորոսյանը, նշեց, որ հույսները չեն կորցնում, որ մի օր աշխատանքները կշարունակվեն։
«Մեծ հույս ունենք, որ կառավարությունը կգա այն եզրակացության, որ հանքը պետք է շահագործվի, և շատ ընտանիքներ նորից աշխատանք կունենան», - ասաց Արարատ Հակոբյանը։