17/05/2019 17:42
Վարչական դատարանի որոշումը կարող է ազդել Վաչագան Ղազարյանի ապօրինի հարստացման քրեական գործի վրա, կարծում է պաշտպանական կողմը
Վարչական դատարանի որոշումը, որով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր է ոչնչացնել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ունեցվածքի հայտարարագրերը, կարող է ազդել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վրա:
Նման տեսակետ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը:
«Չի բացառվում, իհարկե, կարող է ազդել», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ շտապում է ու չի կարող բացատրել՝ ինչպես։
Վարչական դատարանում Վաչագան Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մհեր Հակոբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հստակեցրեց՝ Վարչական դատարանի որոշումն, ըստ էության, հաստատում է վերջերս Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն Վաչագան Ղազարյանի ունեցվածքի, եկամուտների հայտարարագրերին Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովն ապօրինի է տիրացել ու տարածել:
«Դատարանն, ըստ էության, որոշեց, որ այն հայտարարագրերը, որոնք Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքում են դրվել, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապօրինի է ձեռք բերել», - ավելացրեց Մհեր Հակոբյանը:
Նշենք, որ ըստ Ղազարյանի պաշտպանական կողմի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018թ.-ի ապրիլի 9-ից հետո իրավունք չուներ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը հրապարակել, քանի որ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, ՊՊԾ գնդի պետի տեղակալը դադարել է պաշտոնատար անձ լինելուց։ Իսկ ապօրինի հարստացման վերաբերյալ քրեական գործը Ղազարյանի նկատմամբ հարուցվել էր 2018թ.-ի մայիսին:
Հարցին՝ հնարավո՞ր է այս հիմքով քրեական գործը կարճվի, Հակոբյանը պատասխանեց.
«Հայտարարագրերը հիմնական ապացույցներից մեկն էին, բայց քրեական դատավարությունն այնպես է իրականացվում, որ կոնկրետ մեկ ապացույցի հիման վրա չի լինում: Կատարվում է ապացույցների գնահատում: Առայժմ հստակ չեմ կարող ասել՝ ինչպես կավարտվի, դա քննիչի որոշելիքն է, բայց մենք այս հանգամանքը հետագայի համար կօգտագործենք»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վաչագան Ղազարյանին մեղադրանքն առաջադրվել էր ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը: