17/05/2019 19:14
Սովորական քաղաքացի լիներ, հնարավոր է՝ հիմա ձերբակալած էլ լինեին. Ծեծի ենթարկված քաղաքացին՝ Կոտայքի մարզպետի եղբոր մասին
Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո Կոտայքի մարզպետի եղբորը՝ Ռուբեն Պետրոսյանին, հրավիրել են ոստիկանություն, սակայն նրա նկատմամբ ինտենսիվ գործողություններ, որպես այդպիսին, չեն իրականացվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետի եղբոր կողմից ծեծի ենթարկված «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանն ընդգծելով՝ եթե նրա փոխարեն մեկ ուրիշ, սովորական քաղաքացի լիներ, շատ հնարավոր է՝ հիմա ձերբակալած էլ լինեին։
«Միջադեպից անմիջապես հետո ես զանգահարել եմ 1-02, ասել եմ, որ դեմքիս հատվածում ունեմ մարմնական վնասվածքներ։ Ոստիկանները եկել են, արձանագրել կատարվածը և ինձ ուղեկցել ոստիկանության բաժին։ Այնտեղ ինձ ընդունեց բաժնի պետը, իրավիճակը հասկացավ։ Պնդեցի, որ ինձնից հանցագործության մասին հաղորդում վերցնեն՝ ինձ և ինձ պատկանող գույքին դիտավորյալ կերպով վնաս պատճառելու համար», - պատմեց մեր զրուցակիցը։
Գևորգ Հովհաննիսյանը նշեց՝ միջադեպից հետո, երբ ինքը սեփական մեքենայով գնացել է բուժհաստատություն՝ բուժօգնություն ստանալու, Կոտայքի մարզպետի եղբայրն իր անձնական օգտագործման մեքենայով հետապնդել է իրեն և ընթացքի ժամանակ հարվածել մեքենային։
Իրեն ծեծի ենթարկելու հիմնական պատճառն, ըստ պահեստազորի սպայի, մարզպետի եղբոր հասցեին արած դիտողություններն են։
«Մարզպետի եղբայրը Կոտայքի մարզպետարանում վարորդի պաշտոն է զբաղեցնում։ Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր եղբորը նշանակել է նաև Մրգաշենի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամ։ Ես ասել եմ՝ հարգելի պարոն մարզպետ, դու ես պատասխանատու մարզպետարանի աշխատանքների համար։ Ես իրավաչափ պահանջներ եմ առաջադրել, հիմնավորումներ եմ ուզել, բայց վերջիններս չեն տվել։ Դեռ ավելին՝ ցանկացել են ինձ հետ հանդիպել։
Ես ընդհուպ վարչապետին գրություն եմ գրել, նշելով, որ Կոտայքի մարզպետը և եղբայրն ուզում են ինձ հետ հանդիպել։ Բայց այն, ինչ ինձ ասելու են, թող գրեն թղթի վրա։ Եթե կա բան, որ չեն կարողանալու թղթի վրա գրել՝ չեմ ուզում իրենց հանդիպել, որովհետև ծանոթ եմ հարցերի լուծման իրենց մեթոդներին», - նշեց ծեծի ենթարկված քաղաքացին։
Գևորգ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրեն ծեծի ենթարկող Ռուբեն Պետրոսյանի հետ առայժմ առերեսում չի կազմակերպվել։ Մինչ այդ՝ նա նախատեսում է գրություն ուղարկել ՀՀ նախագահին և վարչապետին, ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, Տարածքային կառավարման և ԿԳ նախարարներին՝ խնդրելով, որ վերջիններս Կոտայքի մարզպետին հորդորեն չչարաշահել պաշտոնեական լիազորությունները և չհովանավորել եղբոր ոչ իրավաչափ գործունեությունը։
Վերջում Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ համայնքների միավորման ժամանակ ինքը պատրաստվում է առաջադրվել որպես համայնքապետի թեկնածու, բացի այդ՝ դեբատի է հրավիրում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյնաին։
Նշենք, որ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախօրեին Կոտայքի մարզում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում Կոտայքի մարզպետի եղբայրը ծեծել է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի 40-ամյա տնօրեն Գևորգ Հովհաննիսյանին։