17/05/2019 18:16
ՀՔԾ-ն արձագանքել է Արամ Օրբելյանի հայտարարություններին և հորդորել չխեղաթյուրել փաստերը
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայտարարության կապակցությամբ:
«Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:
Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձևաթղթերի վրա կատարված նշումներով, դեռևս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 26.09.2018թ.-ի պաշտոնական գրությամբ: Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաև պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/: Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը», - ասված է ՀՔԾ-ի պարզաբանման մեջ:
Նկատենք, սակայն, որ այսօր ասուլիս հրավիրած Քոչարյանի պաշտպանները չէին պնդել, որ դրանք պետական միջոցներ են: Ավելին՝ պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ այդ գումարները չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց, նախապես:
«Դրանք բաժանվել են հետագայում, արտակարգ դրության ժամանակ ծառայություն իրականացրած զինվորներին: Դա ներկայացվում է որպես շատ բացասական երևույթ: Արդյոք մասնավոր միջոցներից զինծառայողներին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն: Եթե ոչ, կխնդրենք չշահարկել այդ հանգամանքը», - ասել էր Խուդոյանը:
Խոսքը քրեական գործի նյութերում նշվող 113 մլն դրամի մասին է, որն ըստ մեղադրանքի ոչ բյուջետային միջոցներից հատկացվել է զինծառայողներին վարձատրելու վրա: